Նիկարագուան ՄԱԿ Միջազգային դատարան (ICJ) հայց է ներկայացրել Գերմանիայի դեմ Իսրայելին ֆինանսավորելու եւ ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործերի գործակալության օգնությունը կրճատելու համար։

Լատինաամերիկյան երկիրը Բեռլինին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ, քանի որ շարունակում է ֆինանսավորել Թել Ավիվին, եւ դիմել է Միջազգային դատարան՝ արտակարգ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով, որոնք կստիպեն Գերմանիային դադարեցնել ռազմական օգնությունն Իսրայելին եւ վերականգնել ՄԱԿ գործակալության ֆինանսավորումը։

«Ռազմական սարքավորումներ ուղարկելով եւ դադարեցնելով գործակալության ֆինանսավորումը, որն էական աջակցություն է ցուցաբերում քաղաքացիական բնակչությանը, Գերմանիան նպաստում է ցեղասպանության իրականացմանը»,- նշված է Նիկարագուայի հայցում, որտեղ կա նաեւ հղում 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիային եւ Ժնեւի 1949թ. կոնվենցիային օկուպացված պաղեստինյան տարածքներում պատերազմ վարելու օրենքների մասին։

Գերմանիան Թել Ավիվի կարեւոր դաշնակիցն է եւ, ՄԱԿ փորձագետների կարծիքով, զենքի ամենամեծ մատակարարներից մեկը Միացյալ Նահանգների կողքին, տեղեկացրել է Al Jazeera-ն։