Պակիստանի իշխանությունները կիրակի օրը հայտնել են, որ առնվազն 29 մարդ զոհվել, ևս 50-ը վիրավորվել է վերջին 48 ժամվա ընթացքում ամբողջ երկրին պատուհասած հորդառատ անձրևների պատճառով, որոնց հետևանքով մի քանի տուն է փլուզվել, իսկ սողանքները փակել են ճանապարհները, հատկապես հյուսիսարևմուտքում, հայտնում է AP-ն:
Սա տեղի է ունենում Պակիստանում առատ ձյան տեղումների ֆոնին:
Հինգշաբթի երեկոյից անձրևների հետևանքով մոտ 23 զոհ է գրանցվել Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Փախտունխվա նահանգի տարբեր շրջաններում, ասվում է նահանգային աղետների կառավարման վարչության հայտարարության մեջ:
Հինգ մարդ զոհվել է հարավարևմտյան Բելուջիստան նահանգում ծովափնյա Գվադար քաղաքի հեղեղումից հետո, ինչը իշխանություններին ստիպել է նավակներ օգտագործել մարդկանց տարհանելու համար։
Զոհեր և ավերածություններ են գրանցվել նաև Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում, ասվում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչության հայտարարության մեջ:
Գործակալությունը հավելել է, որ տուժած շրջաններում մարդկանց շտապ օգնություն է ցուցաբերվում, իսկ մայրուղիները մաքրելու համար օգտագործվում է ծանր տեխնիկա:
Երկրի Կարակորումի մայրուղին, որը Պակիստանը կապում է Չինաստանի հետ, որոշ վայրերում դեռ փակ է սողանքների պատճառով, հայտնել է հյուսիսային Գիլգիթ Բալթիստանի ներկայացուցիչ Ֆայզուլլա Ֆարակը։
Պակիստանում այս տարի ձմեռային անձրևների անսովոր ուշացում է նկատվում, որոնք սկսվում են ոչ թե նոյեմբերից, այլ փետրվարից:





























