Թուրքիան հուսով է, որ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս, կիրակի հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարավային Անթալիա քաղաքում դիվանագիտական ֆորումի ավարտից հետո, հայտնում է Reuters-ը։
Ֆիդանը ուրբաթ օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Նա լրագրողներին հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է մի շարք խնդիրներ, ներառյալ՝ Ուկրաինայի հարցը։
«Ուկրաինայի հարցում, մեր կարծիքով, երկու կողմերն էլ հասել են այն սահմաններին, որ կարող են շահել պատերազմով։ Մենք կարծում ենք, որ եկել է հրադադարի շուրջ երկխոսություն սկսելու ժամանակը»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի կարծիքով, «դա չի նշանակում Ռուսաստանի կողմից օկուպացիայի ճանաչում, ինքնիշխանության և հրադադարի հարցերը պետք է առանձին քննարկվեն»։
Անկարան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային և հանդես եկել նրա տարածքային ամբողջականության պաշտպանությամբ, բայց նաև դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Մեզ համար անընդունելի իրողություն է ավելի քան 500 հազար մարդու մահն ու վիրավորումը, մի ամբողջ երկրի ենթակառուցվածքների ու վերնաշենքի լիակատար ոչնչացումը։ Սա ինչ-որ կերպ պետք է դադարեցվի: Դա դադարեցնելու համար պետք է ինչ-որ քննարկում լինի, և բոլորը պետք է ընտելանան այս մտքին»,- հավելել է Ֆիդանը:





























