Զինված հանցախմբերը գրոհով վերցրել են Հաիթի կղզեպետության մայրաքաղաքի բանտը եւ ազատ արձակել մոտ 4 000 բանտարկյալի։

Ազգային բանտի դեմ գրոհը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, այն բանից երկու օր հետո, երբ Հաիթիի վարչապետը մեկնել է Քենիա՝ պայմանավորվելու Հաիթիում միջազգային զորակազմի տեղակայման շուրջ՝ ավազակության դեմ պայքարի համար, իսկ հանցախմբերից մեկի պարագլուխը՝ Բարբեքյու մականունով, վարչապետին պատերազմ է հայտարարել։

Կիրակի, երբ հայտնի էր դարձել բանտի դեմ գրոհի մասին, այնտեղ են գնացել միջազգային գործակալությունների թղթակիցներ։ AFP գործակալությունը տեղեկացրել է, որ բանտի դարպասները բաց էին, եւ դրանց կողքին ընկած էին ավելի քան տասը դիակներ։ Reuters գործակալությունը գրել է երեք բանտարկյալի դիակների մասին, որոնք ընկած էին բակում։

Հաիթիի իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանությունը փորձել է հետ մղել գրոհը նաեւ մեկ այլ բանտում՝ Կրուա դե Բուկում։ Չի տեղեկացվել, թե քանի մարդ է փախել բանտից, իսկ առաջինում նստած էր 3 800 մարդ, բանտախցերում մնացել էր նրանցից 99-ը, տեղեկացրել է Reuters-ը։ Նրանք դուրս չեն եկել, որ չհայտնվեն փամփուշտների տակ, նրանց մեջ են նախկին կոլումբիացի զինվորները, որոնք մեղադրվել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար 2021թ.  հուլիսին։

Այդ սպանությունից հետո Հաիթին՝ Ամերիկայի ամենաաղքատ երկիրը, վերջնականապես հայտնվեց անարխիայի եւ ավազակության մեջ։ Հանցախմբերը վերահսկում են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի 80 տոկոսը, անցած տարի 11 միլիոնանոց երկրում սպանվել է մոտ 8,5 հազար մարդ։