Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը հերքել է այն տեղեկությունները, թե իրեն ՌԴ ԱԳՆ են կանչել Գերմանիայի բարձրաստիճան զինվորականների խոսակցությունների գաղտնալսման հետ կապված սկանդալի հետ համար: «Այն հրավեր էր երկկողմ հարաբերությունների տարբեր թեմաների շուրջ զրուցելու համար», - ասել է նա dpa գործակալությանը:
Լամբսդորֆը հստակեցրել է, որ հանդիպումը ծրագրված էր մինչև «TAURUS» հրթիռների վերաբերյալ բանակցությունների հրապարակումը, փոխանցում է DW-ն:
Ավելի վաղ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Գերմանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՏԱՍՍ-ի տվյալներով, նա ԱԳՆ շենքում մնացել է 1 ժամ 10 րոպե և հեռացել՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ գաղտնալսված խոսակցությունը վկայում է «Ուկրաինայի շուրջ հակամարտությունում» Արևմուտքի «ուղղակի ներգրավվածության» մասին:





























