Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 8-ին, պետք է շարունակվեր NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության դեմ Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացրած հայցով դատական նիստը, որը, սակայն հետաձգվել է դատարանի շենքի հոսանքազրկման պատճառով:

Կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը միջնորդություն էր ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ` պատճառաբանելով, որ Հայաստանի Սահմանադրական դատարանում   նոյեմբերի 15-ին պետք է քննի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի համապատասխանությունը, նաեւ իրենց դեմ մեկ այլ հայց է ներկայացվել Հովհաննես Կաթրջյանի կողմից:

Այդ պահին դատարանի շենքը հոսանքազրկվել է, եւ դատավոր Մարգարիտա Հարթենյանը որոշում է կայացրել հետաձգել նիստը:

NEWS.am-ի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը առարկեց դատարանի որոշման դեմ` հիմնավորելով, որ Քաղաքացիական դատավարության 146 հոդվածի համաձայն եթե համակարգչի ձայնագրման համակարգը բացակայում է, պետք է իրականացվի, պարզ թղթային արձանագրություն: Դատավորը նշել է, թե կողմերն ամեն անգամ պահանջում են դատական նիստի կրիչները, ուստի նպատակահարմար է հետաձգել նիստը:

Ի դեպ, նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով: «Նոյեմբերի 15-ին եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քաղաքացիական օրենսգրքի վերը նշված հոդվածը, ապա գործը կկարճվի, իսկ եթե չճանաչեց, գործը կրկին կշարունակվի, բայց այդ դեպքում ՍԴ-ն պետք է որոշի, թե ինչ իրավակիրառ պրակտիկա է կիրառվելու դատարաններում»,- մեզ հետ զրույցում նշեց Արամազդ Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010 թ. նոյեմբերի 23-ին տպագրված հոդվածը:

Այն վերաբերում էր Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեղադրել էր վերոնշյալ բժշկական կենտրոնին` իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով:

Ներկայումս Հովհաննես Կաթրջյանն ինքն է հայց ներկայացրել կենտրոնի դեմ եւ գումար է պահանջում իրեն խաբելու եւ էժանագին սարքավորում տեղադրելու համար: