Ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք` հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ։ Այս մասին Բրյուսելում, Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները վարքագծի փոփոխման ներուժ ունեն։ Դրանք սկսվում են ընտրական գործընթացների բարելավումով, գույքային իրավունքների պատշպանության ուժեղացմամբ, դատաիրավական անկախության երաշխիքներով եւ միջին խավի ստեղծման խթանմամբ, տնտեսապես եւ սոցիալապես պատասախանատու ընտրողների եւ քաղաքացիների խավի ձեւավորմամբ»,- ասել է նա:
«Այսօրվա աշխարհում, փոփոխություն է տեղի ունենում ավելի արագ, քան երբեւէ: Հետեւաբար, Հայաստանը, պետք է արագացնի բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը։
ԵՄ աջակցության շնորհիվ մենք արդեն իրականացրել ենք մի շարք կարեւոր ծրագրեր։ Հատկապես, կցանականայի նշել Հայաստանում ուժեղ եւ անկախ մարդու իրավունքների պաշտպանի ստեղծման իրողությունը։ Մենք ներդրել ենք էլեկտրոնային կառավարումը Հայաստանի կառավարության բոլոր կառույցներում։ Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը կարեւոր գործիք է գործարար միջավայրի բարելավման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար։
Ավելին, մենք ստեղծել ենք ձեռնարկությունների գրանցման ամենապարզ համակարգերից մեկն աշխարհում` խթանելով բիզնես սկսելու գործընթացը Հայաստանում։
Ներկայումս ընթանում են երկու այլ կարեւոր ծրագրեր` «Աջակցություն արդարադատությանը» եւ «Աջակցութուն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» խորագրերով։ ԵՄ եւ նրա խորհրդատավական խմբի փորձագետները առանձնահատուկ կարեւորություն է ունեցել Հայաստանում տնտեսական եւ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում։
Արդյունքում, համաշխարհային բանկի Doing business հաշվետվության մեջ մենք վեց տեղով վեր ենք բարձրացել եւ համարվում ենք 2010 թվականի մայիսից մինչեւ 2011 թվականի հունիսը ընկած ժամանակահատվածում աշխարհում առավելագույն քանակի բարեփոխումներ իրականացրած երկիրը»,- նշել է վարչապետը:
«Բացասականի մասին, մեր բարեփոխումների ներուժը լրջորեն խաթարվում է իրական աշխարհաքաղաքական ռիսկերով, որոնք շարունակում են մշուշել Հարավային Կովկասը։ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը լուրջ սպառնալիքներ են մեր տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգությանը։ Այս երկու գործոնները, գումարած Թուրքիայի հետ փակ սահմանների առկայությունը, կտրուկ նվազեցնում են մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:




























