ԱՄՆ Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել է, որ աջակցում է Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրելուն։ Ինչպես նշում է The Washington Post-ը, Մաքքոնելի որոշումը ամրապնդել է Թրամփի դիրքերը կուսակցության ներսում։

«Միանշանակ ակնհայտ է, որ նախկին նախագահ Թրամփն ապահովել է ԱՄՆ նախագահի մեր թեկնածուն դառնալու համար հանրապետական ընտրողների անհրաժեշտ աջակցությունը: Չպետք է զարմանալ այն հանգամանքից, որ որպես թեկնածու նա կստանա իմ աջակցությունը: Նրա նախագահության ժամանակ մենք ամերիկացիների համար հասել ենք մեծ հաջողությունների՝ ներառյալ հարկային բարեփոխումները, որոնց շնորհիվ մեր տնտեսությունն էապես ամրապնդվել է:  Ես անհամբերությամբ սպասում եմ Բայդենի վարչակազմի սարսափելի քաղաքականության դեմ պաշտպանություն խաղալուց  հարձակման անցնելուն՝ ամերիկյան ժողովրդի կյանքում իրական փոփոխություն կատարելու համար»,- ասել է նա:

Սենատի հանրապետական առաջնորդի հայտարարությունը հնչել է անմիջապես այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարեց ընտրարշավը դադարեցնելու մասին, և Թրամփը դարձավ հանրապետական կուսակցությունից առաջատար թեկնածուն։

The Washington Post-ը նշում է, որ Մաքքոնելը, որը նոյեմբերին հայտարարեց իր ղեկավար պաշտոնից հեռանալու մասին, Վաշինգտոնի ամենաազդեցիկ հանրապետականներից է, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր առանցքային քաղաքական գործիչները աջակցում են նախկին նախագահին: