Հաիթիում ավազակախմբերը ուրբաթ երեկոյան խոշոր հարձակում են սկսել կառավարական շենքերի վրա Պորտ-օ-Պրենսի կենտրոնում, տեղեկացրել է ABC News-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ հարձակումը համակարգված էր, արագ եւ ուղղված էր կառավարական մի քանի շենքերի դեմ, ներառյալ նախագահական պալատը, ներքին գործերի նախարարությունը եւ Հաիթիի արեւմտյան օկրուգի ոստիկանական շտաբը։

ABC News-ը զրուցել է մի քանի մարդկանց հետ, որոնք եղել են ինտենսիվ հրաձգության վկաները եւ լսել ուժեղ պայթյուններ։ Հարյուրավոր մարդիկ հեռացել են շրջանից, քանի որ ավազակախմբերը դաժան մարտերի մեջ են մտել ոստիկանության հետ։

Աղբյուրի խոսքով՝ հոդվածի հրապարակման պահին հարձակումը թուլացել էր, եւ ավազակախմբի անդամները սկսել էին նահանջել։ Պարզ չէ, թե ավարտվել են արդյոք մարտերը գիշերը, թե ավազակախմբերը պարզապես վերախմբավորվում են։

Նախնական տվյալներով՝ զոհվել է մոտ 12 զինյալ։ Ոստիկանների շրջանում զոհերի մասին չի տեղեկացվում։

Նախագահական պալատը Հաիթիում ոչ ոք չի զբաղեցրել այն ժամանակվանից, երբ 2021թ. հուլիսին սպանվեց նախագահ Ժովենել Մոյսեն։ 2010թ. հզոր երկրաշարժը փլուզել է համալիրի զգալի մասը՝ այն լիովին անպիտան դարձնելով օգտագործման համար։ Սակայն պալատը մնում է Հաիթիի դաշնային կառավարման խորհրդանիշը եւ շուրջօրյա պահպանվում է։

Ավելի վաղ Հաիթիի ավազակախմբերը գրոհով վերցրել էին բանտն ու ազատ արձակել հազար բանտարկյալների։ Դրանից հետո տեղեկացվել էր մայրաքաղաքի օդանավակայանի զավթման փորձի մասին։ Երկրում հայտարարված է արտակարգ դրություն։ Հանցավոր խմբերի առաջնորդ Ջիմի Շերիզյեն՝ «Բարբեքյու» մականունով, պահանջում է իշխանազրկել երկրի վարչապետ Արիել Հենրիին։