Հեռարձակման թվայնացումից հետո շատ կապուղիներ կազատվեն: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովի նոյեմբերի 8-ի հանձնաժողովների մշտական նիստում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Դրանից հետո, նրա խոսքով, կառավարությունը կորոշի, թե ազատված կապուղիներն ինչպես պետք է օգտագործել: «Պետք է հասկանանք` մեզ պե՞տք է շատ կապուղի, թե՞ ոչ: Եթե նոր, որակյալ հեռուստատեսության առաջարկ լինի`իսկ ինչո՞ւ կապուղի չտալ: Երբ թվայնացման գործընթացն ավարտվի, նոր հաճախականություններ կազատվեն, միգուցե որոշում կայացնենք` նոր օպերատոր ենք բերում, միգուցե հեռուստատեսության ենք տրամադրում»,-ասաց Մ. Վարդանյանը:
Նա նաեւ հիշեցրեց, որ թվայնացման համակարգին անցումը կատարվելու է 2015 թ. հունվարի 1-ից:
Մ. Վարդանյանը նշեց, որ 2012 թ. պետական բյուջեի նախագծում հեռարձակման թվայնացման գործընթացի համար գումար չի նախատեսված: Պատճառը հետեւյալն է` կառավարությունը ցանկանում է վարձել մի ընկերություն, որը կկատարի ներդրումներ թվայնացման ոլորտում: Նախնական գնահատակններով` 20 մլն դոլար ներդրումի անհրաժեշտություն կա:




























