Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը փետրվարին մեկնել էր Վենեսուելա՝ երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ ոչ պաշտոնական բանակցությունների համար:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Վենեսուելայի նախագահի հետ զրուցել էր Ուկրաինայում պատերազմի մասին այն մտավախությամբ, որ երկիրը կարող է զենք մատակարարել կամ ռազմական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին, գրում է The Sunday Times-ը։
Նա նաև քննարկել էր Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները։
Ջոնսոնի գրասենյակից The Sunday Times-ին հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը տեղյակ է եղել այցի մասին, և որ Ջոնսոնը զրուցել է նաև երկրում ամենաբարձրաստիճան բրիտանացի դիվանագետ Քոլին Դիկի հետ:
Արտաքին գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ Ջոնսոնը հանդիպման մասին լորդ Քեմերոնին տեղեկացրել է ճանապարհին լինելիս:
Քանի որ սա պաշտոնական քննարկում չի եղել, թույլտվություն չի պահանջվել:
Ենթադրվում է, որ 59-ամյա Ջոնսոնը փետրվարին մասնավոր ինքնաթիռ է նստել՝ Դոմինիկյան Հանրապետությունում ընտանեկան արձակուրդից վերադառնալուց հետո և մեկնել Կարակասի արվարձան, որտեղ մնացել է 24 ժամից պակաս:
«Բորիս Ջոնսոնը հանդիպել է Վենեսուելայի կառավարության պաշտոնյաների հետ՝ արտաքին գործերի նախարարության, Համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) ակտիվ աջակցությամբ և ԱԳ նախարարի գիտությամբ, որպեսզի Վենեսուելան պատշաճ ժողովրդավարական գործընթաց ընդունի։ Նա բազմիցս հասկացնել է տվել, որ հարաբերությունների կարգավորման հույս չի կարող լինել, քանի դեռ Վենեսուելան ամբողջությամբ չի ընդունում ժողովրդավարությունը և չի հարգում իր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Նա նաև Վենեսուելայի կառավարությանը փաստարկներ է ներկայացրել հօգուտ Ուկրաինայի հաղթանակի», - ասել է Ջոնսոնի մամուլի քարտուղարը։
Այս բանակցությունները «ոչ օրթոդոքսալ» էին՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների վիճակը և Արևմուտքի հարաբերությունների ավելի լայն անորոշությունը Վենեսուելայի հետ, որը նախագահական ընտրություններ կանցկացնի հուլիսի 28-ին:
Վենեսուելան նավթի ամենամեծ պաշարներն ունի աշխարհում։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցն է և Ուկրաինա ռուսական ներխուժման մեղքը բարդել է ՆԱՏՕ-ի վրա, ընդգծում է պարբերականը։





























