Ամերիկացի սենատոր Մայք Լին The American Conservative-ի համար իր հոդվածում առաջադրում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության նպատակահարմարության հարցը։
Այս առնչությամբ նա հիշեցնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այն արտահայտությունը, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ««եթե»-ի խնդիր չէ, այլ «երբ»-ի»:
Ըստ սենատոր Լիի, «Ստոլտենբերգի կողմից ամբարտավանության և ինքնիշխանության բացահայտ անտեսման ցնցող դրսևորումը մեզ հիշեցնում է, թե ինչու չպետք է երկիրը ներգրավել ՆԱՏՕ-ի դաշինքում՝ առանց ռիսկերը կշռադատելու»:
Ըստ ամերիկացի քաղաքական գործչի, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և արտաքին քաղաքական ընտրախավի հայտարարություններին, Ուկրաինայում ռազմական նպատակներ հետապնդելու Ռուսաստանի որոշումը «մեծ մասամբ պայմանավորված էր ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հեռանկարով, ինչը կարմիր գիծ է Ռուսաստանի համար, որի մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր 2008 թ.-ին։
Իր հոդվածում սենատորն ընդգծում է, որ նման նախազգուշացումներին լուրջ վերաբերվելու փոխարեն՝ Միացյալ Նահանգները և եվրոպական մայրաքաղաքները «շարունակեցին զարկել էքսպանսիայի թմբուկը՝ գովաբանելով «կանոնների վրա հիմնված միջազգային կարգի» հիմար ցանկությունները, որոնք դուրս են ռեալիզմի տիրույթից»։
«Մենք պետք է դիտարկենք նոր անդամներին միայն այն ժամանակ, երբ նրանք բերեն ակնհայտ և վստահության արժանի կոշտ ուժ, նպաստեն գոյություն ունեցող անդամ երկրների միջև բեռի ավելի մեծ բաշխմանը և, ենթադրաբար, նվազեցնեն դաշնակից զորքերը պատերազմ ուղարկելու հավանականությունը: Սա միակ չափանիշն է, որով կարող է գործել կոլեկտիվ պաշտպանությունը»,- իր հոդվածում նշել է սենատոր Լին։
Նրա կարծիքով, Ուկրաինան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, անհամատեղելի է «բոլոր ճակատներով»։
«Եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, ապա Միացյալ Նահանգները պետք է խաղից դուրս գա, պարզ է ու հասկանալի »,- հավելել է ամերիկացի սենատորը։





























