Ալիկ Քսոպյանը միակ ժամանակակից ջավախահայ աշուղն է, ով ոչ մի պարագայում համաձայն չէ թողնել Ջավախքը:
«Սա երեւի ճակատագիր է: Երեւան տեղափոխվելու համար բազմաթիվ ձեռնտու առաջարկներ են եղել, սակայն Ջավախքի բնակիչները ինձ միշտ գրավել են: Հիմա էլ ինձ Ջավախքն է հետ պահում»,-վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է աշուղ Ալիկ Քսոպյանը:
Ըստ պարբերականի, հենց այս պատճառով է, որ աշուղը մնացել է Ախալքալաքում, ծավալելով իր մշակութային գործունեությունը: Այսօր Ախալքալաքի երաժշտության եւ բեմի հետ կապված մշակութային կյանքը կապվում է Քսոպյանի ընտանիքի անվան հետ: Ախալքալաքում գործող աշուղների դպրոցը, «Ջավախք» ժողովրդական համույթը, տեղական թատերախումբը, պարի դպրոցը` այս ամենը ղեկավարում է Քսոպյանների ընտանիքը:
Ինքը` Ալիկ Քսոփյանը երաժշտական կրթություն չունի, սակայն լավ ձայն եւ լսողություն ունի:
«Եկավ մի պահ, որ հոգնեցի այս ամենից եւ ուզում էի թողնել երգեցողությունը: Որտեղ ուզում է լինեի, խնդրում էին որ երգեմ: Ուզում էի, որ ձայնս կտրվի, դրա համար նույնիսկ սառը ջուր էի խմում, սակայն ի հակառակ ինձ, ձայնս ավելի բացվեց: Իսկ հիմա ես երջանիկ եմ ինձ համարում: Երջանկությունը փողի մեջ չէ, երջանկությունը այն է, որ քո երգելուց հետո բոլորը ծափահարում են քեզ»,-պատմում է նա:
Աշուղի խոսքով, նրան մինչ այսօր հրավիրում են Երեւան` խոստանալով ապահովել բնակարանով եւ լավ աշխատանքով, սակայն նա չի կարող թողնել իր ստեղծածը եւ հեռանալ:
«Ես ունեմ իմ համույթը, որի հետ շրջագայությունների եմ մեկնում եւ իմ երգ ու պարով ուրախացնում եմ հանդիսատեսին»,-ընդգծել է նա:
Նշենք, որ Ալիկ Քսոպյանը միակ ժամանակակից ջավախահայ աշուղն է, ով բնակվում եւ գործում է Ջավախքում: Նա սկսել է երգեր գրել 48 տարեկանից, ինչի համար շատ է փոշմանում, քանի որ եթե շուտ սկսեր իր գործունեությունը, ապա իր կյանքում կհասներ ավելիին: Ջավախահայ աշուղը մոտ 100 երգերի հեղինակ է:



























