Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան արձագանքել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը, որը Կիևին կոչ էր արել «սպիտակ դրոշի խիզախություն ունենալ» և նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։
Ըստ Կուլեբայի՝ ամենաուժեղը նա է, ով բարու և չարի ճակատամարտում բռնում է բարու կողմը և չի փորձում հավասարեցնել դրանք՝ դա անվանելով «բանակցություններ»։
«Ինչ վերաբերում է սպիտակ դրոշին, ապա մենք գիտենք Վատիկանի այս ռազմավարությունը 20-րդ դարի առաջին կեսի պատմությունից։ Կոչ եմ անում չկրկնել պատմական սխալները և հետևողականորեն աջակցել Ուկրաինային ու նրա ժողովրդին իր սեփական կյանքի համար արդար պայքարում։
Մեր դրոշը կապույտ-դեղին է։ Նրա ներքո մենք ապրում ենք, մեռնում և հաղթում։ Մենք այլ դրոշներ չենք բարձրացնի։
Մենք երախտապարտ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապին խաղաղության համար նրա մշտական աղոթքների համար և շարունակում ենք հուսալ, որ Եվրոպայի սրտում երկու տարվա ավերիչ պատերազմից հետո նա հնարավորություն կգտնի առաքելական այց կատարել Ուկրաինա՝ աջակցելու ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի կաթոլիկների, ավելի քան հինգ միլիոն հույն կաթոլիկների, բոլորը քրիստոնյաներ են և բոլորն ուկրաինացիներ են»,- գրել է Կուլեբան X-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հռոմի պապի հետ հարցազրույցի մասին, որի ընթացքում նա հայտարարել էր, որ Ուկրաինան, բախվելով հնարավոր պարտության, պետք է խիզախություն ունենա բանակցելու Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին և չամաչի նույն սեղանի շուրջ նստել խաղաղության բանակցությունների համար։
Հռոմի պապն իր կոչն արել էր անցյալ ամիս շվեյցարական RSI հեռուստաընկերության կողմից ձայնագրված հարցազրույցի ժամանակ, որը մասամբ հրապարակվել է շաբաթ օրը:
«Կարծում եմ՝ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի սպիտակ դրոշի խիզախություն և բանակցում է», - ասել էր Ֆրանցիսկոսը՝ հավելելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային ուժերի օգնությամբ։
Ֆրանցիսկոս պապը RSI-ին տված հարցազրույցում ասել էր, որ «բանակցություն» բառն անվեհեր բառ է»:
«Երբ տեսնում եք, որ պարտված եք, որ գործերը լավ չեն ընթանում, պետք է խիզախություն ունենաք բանակցելու,- ասել էր նա։- Բանակցությունը երբեք կապիտուլյացիա չէ»։





























