ԱՄՆ կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ CNN-ին ասել են, որ ԱՄՆ կառավարությունը պատերազմի առաջին տարվա վերջում «ուշադիր պատրաստվել» է Վլադիմիր Պուտինի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։
Նման պատրաստվածության պատճառը ռուսական ճակատի փլուզումն էր, որը հանգեցրեց ուկրաինական տարածքների ապաօկուպացմանը։ Այս սցենարում մարտավարական միջուկային հարվածը դիտվում էր որպես զսպման միջոց, գրում է Bild-ը։
CNN-ի զրուցակիցների կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը կարող է ռազմաճակատում մի շարք պարտություններն ու բանակի նահանջը համարել որպես բուն ռուսական տարածքի համար պոտենցիալ սպառնալիքի նախանշան:
The New York Times-ը նաև գրում է, որ 2022 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանից գաղտնալսված հաղորդագրությունների մասին։ Այնտեղ խոսվում էր այն մասին, որ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու սպառնալիքները գնալով ավելի կոնկրետ են դառնում։
Ի պատասխան այս հաղորդագրությունների՝ Ազգային խորհուրդը հանդիպումներ է անցկացրել 2022 թվականի ամառվա վերջից մինչև աշուն՝ միջուկային հարձակման դեպքում գործողությունների պլան մշակելու համար: Բացի այդ, ամերիկացի դիվանագետները համոզել են Հնդկաստանին և Չինաստանին, որոնք լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ, միջուկային զենքի կիրառմանը դեմ հանդես գալ։
Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակային հայտարարությունները օգնել են կանխել էսկալացիան:





























