Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով վերջերս հանդիպել է Դոնալդ Թրամփին, պնդում է, որ մանրամասներ գիտի Ուկրաինայի նկատմամբ նախկին նախագահի ռազմավարության մասին։
Օրբանի խոսքով՝ Թրամփը, ով ձգտում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվել, մտադիր չէ աջակցել Ուկրաինային և դրանով իսկ վերջ տալ պատերազմին, հայտնում է BBC-ն։
«Նա ունի շատ հստակ տեսլական, որի հետ դժվար է չհամաձայնել», - ասել է Օրբանը հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում: «Նա ասում է հետևյալը. նախ՝ ուկրաինա-ռուսական պատերազմի համար ոչ մի կոպեկ չի տա։ Ահա թե ինչու պատերազմը կավարտվի. պարզ է, որ Ուկրաինան չի կարող ինքնուրույն գոյատևել: Իսկ եթե ամերիկացիները եվրոպացիների հետ միասին փող ու զենք չտան, ապա պատերազմը կավարտվի։ Իսկ եթե ամերիկացիները փող չտան, եվրոպացիները չեն կարողանա ինքնուրույն ֆինանսավորել այս պատերազմը։ Եվ այդ դեպքում այն կավարտվի»:
Թերևս, նկատի ունենալով Թրամփի տեսակետը, Օրբանը հավելել է, որ «եթե եվրոպացիները վախենում են ռուսներից կամ ընդհանրապես ցանկանում են ապահովել ավելի բարձր մակարդակի անվտանգություն, ապա թող վճարեն դրա համար»։
«Կամ թող նրանք ստեղծեն իրենց սեփական բանակն ու սեփական տեխնիկան, կամ, եթե նրանք ցանկանում են օգտագործել ամերիկացիներին դրա համար, ապա թող վճարեն ամերիկացիներին անվտանգության համար», - ասել է Օրբանը:
Թրամփը, որը բազմիցս դրական է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, խոստանում է 24 ժամվա ընթացքում վերջ տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Սակայն նա հստակ չի բացատրում, թե ինչպես է ուզում դա անել։
Մինչդեռ Կոնգրեսում Թրամփի կողմնակիցները շարունակում են արգելափակել Կիևին ռազմական և ֆինանսական օգնություն հատկացնելու մասին օրենքը։
Օրբանը մնում է Եվրոպայի միակ առաջնորդը, որը հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ։
Նա Ուկրաինային տրամադրվող օգնությանը դեմ է արտահայտվել և վերջերս արգելափակել է Կիևին օգնության հսկայական փաթեթ տրամադրելու ԵՄ որոշումը: Հունգարիան համաձայնեց վերացնել իր վետոն միայն այն բանից հետո, երբ ԵՄ մյուս առաջնորդները հատուկ գագաթնաժողովում Օրբանին ասացին, որ նրա դիրքորոշումն այս առումով անընդունելի է:





























