Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակել է սխեմա, որի համաձայն՝ ապաստան խնդրողները թագավորությունում, որոնց հայտերը մերժվել են, հայրենիք տեղահանման փոխարեն կկարողանան անցնել Ռուանդա եւ ստանալ 3 հազար ֆունտ (3,8 հազար դոլար) վճար Բրիտանիայի կառավարությունից։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին։

Միացյալ Թագավորությունում արդեն գործում է ֆինանսական օգնության տրամադրման սխեմա ապաստան խնդրողների համար, որոնց հայտերը մերժվել են։ Նոր մեխանիզմի առանձնահատկությունն այն է, որ այժմ նրանց առաջարկում են ոչ թե վերադառնալ իրենց երկիր, այլ անցնել Ռուանդա։ Բրիտանական ՆԳՆ-ում կարծում են, որ  այդ սխեման կարող է հետաքրքիր լինել պատերազմող կամ ավտորիտար երկրների քաղաքացիների համար։ Որպես նման երկրների օրինակ բերվում են Աֆղանստանը եւ Իրանը։

The Times-ը նշել է, որ այս առաջարկից կարող են օգտվել տասը հազար մարդիկ։ 2023թ. Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն մերժել է ապաստան ստանալու ավելի քան 30 հազար հայտ։ Դրանցից հետո 4 հազար մարդ որոշել է ինքնակամ վերադառնալ հայրենիք։ Նրանցից բացի ինքնակամ ծագման երկիր են վերադարձել 15 հազար մարդիկ, հիմնականում նրանք, ովքեր պատիժը կրելուց հետո ազատ են արձակվել թագավորության բանտերից։ 6,4 հազար մարդ հարկադաբար է վերադարձվել հայրենիք։