Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանն անցած շաբաթավերջին փակ բանակցություններ են վարել ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման շուրջ: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», այդ լուրը հաստատել են վրացական եւ ռուսական ԱԳՆ-ներում:
Ռուսաստանի ԱԳն-ում հավաստիացրել են, որ համաձայնեցվել են «գործնականում անցակետի աշխատանքի վերսկսկմանն առնչվող բոլոր հարցերը»: Սահմանի բացումը օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվայի եւ Թբիլիսի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում առաջին ճեղքումը կլինի: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ բանակցությունները Երեւանում ընթացել են յուրահատուկ սխեմայով: Վրացի դիվանագետները երխոսություն են ծավալել Հայաստանի ներկայացուցիչների հետ, որոնք տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին Ռուսաստանի սահմանային հարցերը կարգավորող մարմնի աշխատակցին, ապա կրկին հանդիպել իրենց վրացի գործընկերների հետ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է «Վերին Լարս»-ի բացման ուղղությամբ «տեխնիկական խորհրդակցությունների» փաստը": «Կոմերսանտի» աղբյուրը հաղորդում է. « գործնականում համաձայնեցվել են անցակետի աշխատանքների սկսմանն առնչվող բոլոր հարցերը՝ այժմ գործը անցակետերը բացելուն է հասել, սպասում են Թբիլիսիի համապատասխան քայլին: Հանդիպումները կայացել են Երեւանում, քանի որ Հայաստանն անցակետի բացման ամենաշահագրգիռ կողմն է»:
Ապա թերթը հստակեցնում է. «Հայաստանը վաղուց է ձգտում բացել անցակետը, քանի որ այդ ճանապարհով էր իրականացնում երկրի արտաքին առեւտրաշրջանառության մինչեւ 30 տոկոսը: Թբիլիսի վրա ազդելու համար Երեւանն անգամ Վաշինգտոնին էր ընդգրկել: ԱՄՆ-ը 2,5 մլն էր հատկացրել վրացական կողմից „Կազբեգի“ անցակետի վերանորոգման համար, որի թողունակությունը հասնում է օրական 500 մեքենայի: Հենց ԱՄՆ-ի ճնշմամբ էլ Թբիլիսին, փաստորեն, համաձայնեց բանակցություններն անցկացնել Երեւանում»:
Այդուհանդերձ, ինչպես «Կոմերսանտ»-ին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ի իր աղբյուրը, Թբիլիսին մի շարք պայմաններ է առաջ քաշում անցակետի բացման համար: «Թբիլիսին կգնա դրան, եթե երաշխիքներ ստանա, որ վրացական ապրանքները խտրականության չեն ենթարկվի, այլ խոսքով, եթե հանվեն արգելքները վրացական գյուղատնտեսական ապրանքների՝ գինիների եւ „Բորժոմ“-ի արտահանման նկատմամբ»,- հաղորդում է աղբյուրը՝ հավելելով, որ որոշ տեղեկություններով՝ այդ հարցի վերաբերյալ կայանալու է Անվտանգության Խորհրդի նիստ՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավոությամբ: Դրա անցկացման ժամկետը կախված է պատասխանից, որ Մոսկվայից Երեւանի միջոցով հասնելու է Վրաստան:
Սակայն ՌԴ ԱԳՆ-ում հերքում են Վրաստանի պայմանների լուրը: «Վրաստանի նկատմամբ նախկինի պես սահմանափակումներ են գործում, որ ժամանակին նախաձեռնել էր Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշչենկոն»,- նշել է աղբյուրը: Այդուհանդերձ, փարձագետները կարծում են, որ սահմանների բացումից հետո Վրաստանի դեմ ռուսական բեռնարգելքը ցանկացած դեպքում կթուլանա: «Շատ դժվար է ապացուցել, որ հայ փոխադրողն ապրանքը գնել է ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում»,- ասել է վրացի փորձագետ Մուրման Կուպրաշվիլին: Այդ դեպքում արդեն սահմանի բացումը օգոստոսյան պատերազմից հետո Մոսկվայի եւ Թբիլիսի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում առաջին ճեղքումը կլինի:
Վրաստանի եւ ՌԴ միջեւ ցամաքային սահմանը փակվել էր դեռ 2006թ. Թբիլիսիում ռուսական սպաներին լրտեսության մեջ մեղադրելուց եւ ձերբակալելուց հետո: Այն ժամանակ Ռուսաստանը արգելեց վրացական ապրանքների ներմուծումն ու դադարեցրեց «Վերին Լարս» անցակետի աշխատանքը՝ պատճառաբանելով իբր վերանորոգման աշխատանքներով: 2008թ. վերջին Վրաստանի ԱԳՆ-ն Մոսկվայից տեղեկություն ստացավ, որ շինարարական աշխատանքներն ավարտվել են, եւ նրա թողունակությունը հասել է օրական 400 մեքենայի: Վրաստանի ԱԳՆ-ն պահանջեց բանակցություններ վարել Ժնեւում՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, ինչն անընդունելի էր Մոսկվայի համար:
Միեւնույն ժամանակ հանդիպմանը նախօրեին անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ-ն: Ինչպես NEWS.am-ին հայտնել էին Հայաստանի ԱԳՆ-ից, Երեւանը ողջունել է ռուսական եւ վրացական կողմերի պայմանավորվածությունները՝ «Վերին-Լարս-Կազբեգի» անցակետի բացման ուղղությամբ:




























