ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը X սոցցանցի իր էջում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին աջակցող ամերիկացիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համակրելու մեջ։
«Օրեցօր դա ավելի հստակ է դառնում, Թրամփի օգտին քվեարկությունը քվեարկություն է Պուտինի թիմի օգտին»,- իր տեսակետն է հայտնել նա։
Նա այսպես է մեկնաբանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարությունն այն մասին, որ Թրամփը խոստացել է փող չհատկացնել ուկրաինական կողմին, եթե նորից նախագահ դառնա, իսկ առանց Միացյալ Նահանգների Եվրոպան չի կարողանա ֆինանսավորել հակամարտությունն, ու այն կավարտվի։
Մինչ այդ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Մար-ա-Լագոյի իր կալվածքում։ Բանակցությունները տեւել են մոտ մեկ ժամ, դրանցից հետո նրանք ընթրել են եւ մասնակցել համերգային ծրագրի։ Սպիտակ տան նախկին ղեկավարի մամուլի ծառայությունում նշել են այն մասին, որ Թրամփը եւ Օրբանը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հունգարիային եւ Միացյալ Նահանգներին, այդ թվում յուրաքանչյուր երկրի ամուր եւ պաշտպանված սահմանի առաջնային կարեւորությանը։





























