ԱՄՆ վարչակազմը 2025 թվականին նախատեսում է Հայաստանին տրամադրել 45 միլիոն դոլար՝ «Աջակցություն Եվրոպային, Եվրասիային և Կենտրոնական Ասիային» (AEECA) ծրագրի շրջանակում, 6 միլիոն դոլար՝ «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների» (INCLE) և 700 հազար դոլար՝ միջազգային ռազմական կրթության եւ պատրաստվածության համար (IMET): Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Ինչպես 2023 թվականին, այնպես էլ այս տարի վարչակազմը մոտ 10 միլիոն դոլարի օգնություն է առաջարկել հատկացնել Ադրբեջանին՝ հաշվի չառնելով Ալիևի ռեժիմի ցեղասպանական մտադրությունները և այն վայրագությունները, որոնք նա իրականացրել է Արցախի և ինքնիշխան Հայաստանի նկատմամբ։
«Մենք հիասթափված և խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը կանխելու և խնդիրը լուծելու ուղղությամբ նման անբավարար քայլեր ձեռնարկելու կապակցությամբ»,- հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
«Միացյալ Նահանգները չի կարող ընտրողաբար աջակցել տարածաշրջանում ժողովրդավարությանը, հատկապես, երբ հայերը շարունակում են բախվել ավտորիտար ռեժիմների հարձակումներին, ինչպես նաև իրենց դարավոր ներկայության շարունակական ջնջմանը, ինչպես փաստագրված է Caucasus Heritage Watch-ի կողմից», - ավելացրել են համանախագահները՝ կոչ անելով վարչակազմին անել ավելին «սպառնալիքի տակ գտնվող ժողովրդավարությանը օգնելու համար»:





























