Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի անբաժանելի մասն են, դրանց պատկանելիության հարցն ընդմիշտ փակված է, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրիմի Ռուսաստանին միացման 10-ամյակի առիթով տեսաուղերձում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ղրիմի և Սևաստոպոլի պատկանելիության հարցը փակված է։ Թերակղզին Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն է»,- հայտարարել է Լավրովը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, անցած տարիների ընթացքում «Ուկրաինայից ժառանգած բազմաթիվ խնդիրներ է հաջողվել հաղթահարել»։

«Ունենալով հետագա զարգացման հստակ հեռանկարներ՝ Ղրիմի բնակիչները կարող են վստահորեն և լավատեսորեն նայել ապագային»,- ասել է նա։

Նա նաև հայտարարել է, որ Ղրիմում «առանց բացառության խստորեն պահպանվում են բոլոր քաղաքացիների իրավունքները՝ անկախ ազգությունից և լեզվական նախասիրություններից»։

«Ինչպես ցույց տվեց իրավիճակի հետագա զարգացումը, սա միակ ճիշտ որոշումն էր։ Այն հնարավորություն տվեց պաշտպանել Ղրիմի բնակիչների կյանքը, պատիվն ու արժանապատվությունը ռուսատյաց Կիևի ռեժիմի ոտնձգություններից»,- ասել է Լավրովը