20,4 գրամ կշռող հսկայական հապալասն այս շաբաթ պաշտոնապես մտել է ռեկորդների գրքի մեջ:

Հատապտուղը քաղվել է նոյեմբերի 13-ին, իսկ ամենածանր հապալասի ռեկորդը հաստատվել է այս շաբաթ, ուրբաթ օրը CNN-ին է հայտնել  Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը:

Ռեկորդակիր հապալասի տրամագիծը 39,31 միլիմետր է, որը մոտավորապես համապատասխանում է սեղանի թենիսի գնդակի չափսին։ Այն աճեցվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում հապալաս աճեցնող Costa Group ընկերության աշխատակիցների կողմից։

Ընկերության հայտարարության համաձայն, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, սա Eterna տեսակն  է, որը ավագ այգեգործ Բրեդ Հոքինգի վկայությամբ, հայտնի է իր խոշոր պտուղներով, խրթխրթանությամբ և երկար պահպանման ժամկետով:

Հապալասի քաշի նախորդ ռեկորդակիրը 16,20 գ կշռով հատապտուղն է եղել, որն աճեցվել է  2020 թվականին Արևմտյան Ավստրալիայում, տեղեկացրել է Costa  Group ընկերությունը, որը հապալասի նոր տեսակներ է մշակում, որոնք կարելի է աճեցնել տարբեր պայմաններում: