ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Օհայոյում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ «արյունոտ բաղնիք» կլինի, եթե ինքը նոյեմբերին չվերընտրվի, հաղորդում է NBC News-ը։

Հանրահավաքը նպատակ ուներ ձայներ ստանալ ​​Սենատի հանրապետական թեկնածու Բեռնի Մորենոյի օգտին, որին Թրամփը պաշտպանել էր դեկտեմբերին՝ Օհայոյի նախնական ընտրություններից առաջ:

Իր ելույթի ժամանակ Թրամփն իր դիրքորոշումն է  հայտնել Չինաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իր գործողությունների մասին։

«Եթե դուք լսում եք, նախագահ Սի  (իսկ մենք ընկերներ ենք), բայց նա հասկանում է, թե ինչպես եմ ես վարվում: Ավտոարտադրող այս հսկայական հրեշ-գործարանները, որ դուք հիմա կառուցում եք Մեքսիկայում... դուք չեք պատրաստվում ամերիկացիների վարձել և մեզ մեքենաներ վաճառել, ո՛չ։ Մենք պատրաստվում ենք 100%-անոց մաքսատուրք սահմանել յուրաքանչյուր մեքենայի համար, որն անցնում է սահմանագիծը, և դուք չեք կարողանա վաճառել այդ մեքենաները, եթե ես ընտրվեմ»,- ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախկին նախագահի, եթե ինքը չընտրվի, ապա «դա արյունոտ բաղնիք կլինի երկրի համար»։

«Եթե այս ընտրություններում չհաղթեմ, ես վստահ չեմ, որ երբևէ այլ ընտրություններ կլինեն այս երկրում»,- հավելել է նա:

ԱՄՆ նախկին նախագահը նաև «պատանդ» է անվանել այն մարդկանց, որոնք մասնակցել են 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհին։ Նրա կարծիքով, իրենց նկատմամբ անարդար են վարվել, և ինքը մտադիր է դա ուղղել, եթե դառնա երկրի նախագահ։

Միջոցառման ժամանակ Թրամփը նաև ասել է, որ առանց փաստաթղթերի որոշ  ներգաղթյալներ «մարդ չեն»՝ հավելելով, որ իրեն «թույլ չեն տվել այդպես ասել, քանի որ արմատական ​​ձախերն ասում են, որ դա սարսափելի բան է»։ Նա կաթոլիկներին խորհուրդ է տվել չքվեարկել Բայդենի օգտին։

«Ցանկացած կաթոլիկ, ով քվեարկում է այս տխմարի օգտին, խելագար է, քանի  որ ձեզ  հետապնդումների են ենթարկում», - ասել է Թրամփը։

Բայդենը Միացյալ Նահանգների երբևէ ընտրված երկրորդ կաթոլիկ նախագահն է։