Նիգերի իշխող խունտան դադարեցրել է անհապաղ ուժի մեջ մտնելու ռազմական համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ պաշտպանության նախարարության զինվորական և քաղաքացիական անձնակազմին գտնվել իր տարածքում, շաբաթ օրը հայտարարել է խունտայի ներկայացուցիչ, գնդապետ Ամադու Աբդրամանեն, հայտնում է Reuters-ը։
Այս որոշումը հաջորդել է այս շաբաթ ԱՄՆ պաշտոնյաների այցին, որը գլխավորում էր Աֆրիկայի հարցերով պետքարտուղարի օգնական Մոլի Ֆին, պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Լանգլին:
Աբդրամանեն հեռուստատեսային իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակությունը չի հետևել դիվանագիտական արարողակարգին, և որ Նիգերը տեղեկացված չէր պատվիրակության կազմի, ժամանման ամսաթվի կամ օրակարգի մասին:
Նա հավելել է, որ քննարկումները վերաբերել են Նիգերի ներկայիս ռազմական հեղաշրջմանը, երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը և Նիգերի գործընկերների ընտրությանը «Ալ-Քաիդայի» և «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում:
Անանուն պաշտոնական աղբյուրը գործակալությանն ասել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները այս շաբաթվա սկզբին Նիամեյում «անկեղծ քննարկումներ» են անցկացրել Նիգերի իշխող ռազմական խորհրդի (CNSP)-ի հետագծի վերաբերյալ:
«Մենք կապի մեջ ենք CNSP-ի հետ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ նորություններ կներկայացնենք»,- ավելացրել է նա:
Անցյալ տարվա հուլիսին իշխանությունը զավթելուց հետո Նիգերիայի խունտան, ինչպեսև հարևան Մալիի և Բուրկինա Ֆասոյի ռազմական կառավարիչները, երկրից դուրս են բերել ֆրանսիական և այլ եվրոպական ուժերը:





























