Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը ստիպված է եղել չեղարկել իր այցը Օդեսա՝ Ռուսաստանի կողմից հրթիռային սպառնալիքի պատճառով, գրում է The Sunday Times-ը։

Շապսը, որը ճանապարհորդում էր Պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինի և բրիտանացի պաշտոնյաների փոքր թիմի հետ,  Լեհաստանից գիշերային գնացքով մարտի 7-ին ժամանել է Կիև՝ Զելենսկիի և պատերազմական ժամանակաշրջանի նրա վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ բանակցությունների համար:

Սակայն ծրագրված հետագա ուղևորությունը դեպի Օդեսա չեղարկվել է այն բանից հետո, երբ հետախուզական տվյալները ցույց են տվել, որ Կրեմլը տեղյակ է դրան, հայտնում է Sunday Times-ը:

Անցյալ շաբաթ Լեհաստան մեկնելիս Շապսին տեղեկացրել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին տեղափոխող զրահապատ ավտոշարասյունը մարտի 6-ին նավահանգստային քաղաք այցելելիս հազիվ է խուսափել ռուսաստանյան հրթիռային հարձակումից:

Այս լուրը Շապսի համար անվտանգության սպառնալիքը էականից բարձրացրել է կրիտիկականի, հաղորդում է The Sunday Times-ը:

«Պուտինն իրեն անխոհեմ, անգութ և անփույթ է դրսևորել,- թերթին տված հարցազրույցում ասել է Շապսը, որն Օդեսա գնալու փոխարեն  Լեհաստանով վերադարձել է Բրիտանիա:- Փաստ է, որ նա վտանգավոր կերպով մոտ է եղել երկու արևմտյան առաջնորդների սպանությանը, նշանակություն չունի՝ դա դիտավորյալ էր, թե պատահական: Գրողը տանի, ի՞նչ է նա անում և ինչո՞ւ է արևմուտքը թույլ տալիս նրան նման բաներ անել»:

Շապսի այցի չեղարկումը մեկնաբանել է նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Վերջերս Ուկրաինա կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարարն անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել է Օդեսա նախատեսված այցից։

Միացյալ Թագավորությունը շարունակում է վճռական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և պաշտպանության նախարարի այցն ու հանձնառությունը միայն ընդգծեցին այս աջակցության կարևորությունը Պուտինի ագրեսիայի պայմաններում», հայտարարել է գերատեսչությունը:

Որպես պաշտպանության նախարար, սա Շապսի երկրորդ այցն էր Ուկրաինա, և երրորդը՝ 2022 թվականի փետրվարին պատերազմը սկսվելուց հետո: