Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ հաճախ է մտածում իր «խելագար» աշխատանքից հրաժարվելու մասին, սակայն մտադիր է պաշտոնում մնալ մինչև հաջորդ ընտրությունները։

Radio-Canada-ին տված հարցազրույցում Թրյուդոն խոսել է նաև հանուն աշխատանքի իր անձնական զոհաբերությունների մասին։

Հաջորդ համընդհանուր ընտրությունները Կանադայում տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին:

Վերջին ամիսների սոցհարցումները ցույց են տվել, որ կանադացիների շրջանում աճում է դժգոհությունը նրա կառավարության նկատմամբ, որի պատճառը հիասթափությունն է բնակարանների մատչելիութան և կյանքի արժողության հարցերում: Իշխող լիբերալները հետ են մնում պահպանողականներից՝ գլխավոր ընդդիմությունից, հաճախ երկնիշ թվերով, հաղորդում է BBC-ն։

Մտավախությունները, որ «Թրյուդոյի բրենդը» կարող է խոչընդոտ դառնալ Լիբերալ կուսակցության բարգավաճման համար, քաղաքական շրջանակներում ենթադրություններ են առաջացրել, որ Թրյուդոն, հնարավոր է, մտածում է հրաժարական տալու մասին, նույնիսկ վարչապետի որոշ դաշնակիցներ ենթադրում են, որ նրա հեռանալու ժամանակն է:

Սակայն կանադական հեռուստաալիքներից մեկին տված 24 րոպեանոց հարցազրույցում Թրյուդոն հայտարարել է. «Ես այն մարդը չէի լինի, ինչպիսին կամ, եթե այս փուլում հրաժարվեմ պայքարից»

«Ես ամեն օր մտածում եմ հեռանալու մասին: Դա խելագար աշխատանք է, որը ես անում եմ  անձնական զոհողություններով»,- ասել է Թրյուդոն, որը պաշտոնավարում է 2015 թվականից։

Անցյալ տարի նա և իր կինը՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ Նրանք ընդհանուր երեք երեխա ունեն։