Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն շաբաթ օրը նախազգուշացրել է Իսրայելին Գազայի հատվածում սովը որպես «պատերազմի զենք» չօգտագործելու մասին՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը հումանիտար օգնության համար ավելի շատ մուտքի կետեր բացել, գրում է Politico-ն։
«Ես տեսնում եմ, որ այսօր շատ մեծ բնակչություն (Գազայում) սովի սպառնալիքի տակ է,- Հորդանանում լրագրողներին է ասել Բելգիայի առաջնորդը՝ Մերձավոր Արևելք կատարած ճանաչողական շրջագայության ժամանակ:- Իսրայելը պետք է ապացուցի, որ սովը չի օգտագործվի որպես պատերազմի զենք»։
Դե Կրոուն նաև կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին հրաժարվել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակվելու ծրագրերից։
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները սկսել էին հաղորդել Գազայի հատվածում սովից մահացածների մասին։
Al Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ, Գազայի հատվածի հիվանդանոցներում սովից մահացած պաղեստինցիների թիվը մարտի 12-ի դրությամբ հասել է 27-ի։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հավանություն էին տվել Ռաֆահի վրա հարձակվելու ծրագրին։





























