Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի ասել է, որ երկրի դաշնակիցները «կարճ հիշողություն» ունեն հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակման առումով, և որ Իսրայելը կշարունակի իր հարձակումը Գազայում՝ չնայած աճող միջազգային ճնշմանը, հաղորդում է Times of Israel-ը:
Դիմելով «միջազգային հանրության մեջ Իսրայելի ընկերներին»՝ Նաթանյահուն հայտարարել է. «Մի՞թե այդքան կարճ հիշողություն ունեք։ Մի՞թե այդքան արագ մոռացաք հոկտեմբերի 7-ը՝ Հոլոքոստի ժամանակներից հետո հրեաների դեմ կատարված ամենասարսափելի ջարդը։ Դուք այդքան արագ պատրաստ եք Իսրայելին մերժե՞լ ՀԱՄԱՍ-ի հրեշներից պաշտպանվելու իրավունքը: Այդքան արա՞գ կորցրեցիք ձեր բարոյական խիղճը»։
Նա կոչ է արել միջազգային ճնշումը գործադրել ՀԱՄԱՍ-ի ու Իրանի վրա, ոչ թե Իսրայելի։
«Միջազգային ոչ մի ճնշում չի խանգարի մեզ հասնել պատերազմի բոլոր նպատակներին՝ վերացնել ՀԱՄԱՍ-ը, ազատել մեր բոլոր պատանդներին և երաշխավորել, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար», - ասել է Իսրայելի վարչապետը:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1200 մարդ, իսկ որպես պատասխան Գազայի հատված Իսրայելի ներխուժումից ի վեր զոհվել է ավելի քան 30000 մարդ, որոնց մեծ մասը, ըստ միջազգային կազմակերպությունների, կանայք և երեխաներ են։





























