Մարտի 17-ին Բաքվում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպումն անցկացվում է դեմ առ դեմ ձևաչափով։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ուղևորությունը սկսել է Բաքու կատարած այցով։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ստոլտենբերգի Հարավային Կովկաս ուղևորության ժամանակացույցի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստոլտենբերգի այցը կսկսվի մարտի 17-ին՝ Ադրբեջան կատարած այցով, որտեղ նա կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին, Ստոլտենբերգը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի։ Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Իսկ Վրաստան այցելելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կմեկնի Հայաստան, որտեղ կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։





























