Ռուսաստանի ընտրությունները «ակնհայտորեն ոչ ազատ էին, ոչ արդար», քանի որ Վլադիմիր Պուտինը բանտերն է նետել իր հակառակորդներին և թույլ չի տվել այլ հնարավոր թեկնածուների առաջադրվել իր դեմ, հայտարարել է Սպիտակ տունը, ըստ «Ամերիկայի ձայնի»:

Պուտինը ստացել է ձայների 87,97 տոկոսը՝ առաջին պաշտոնական արդյունքների համաձայն, որոնք հայտնի են դարձել կիրակի՝ ընտրատեղամասերի փակումից հետո։

Պուտինը 71 տարեկան է և ավելի քան երկու տասնամյակ իշխանության ղեկին է։ Այժմ նրան սպասվում է ևս վեց տարվա ժամկետ:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում հայտարարել է, որ «Ուկրաինայում ապօրինի ընտրություններ անցկացնելով՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության ճանապարհ որոնելով։ Մեծ Բրիտանիան կշարունակի մարդասիրական, տնտեսական և ռազմական օգնություն ցուցաբերել ուկրաինացիներին՝ պաշտպանելով նրանց ժողովրդավարությունը»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում հայտարարել է, որ «Ռուսաստանում կեղծ ընտրությունները ոչ ազատ են, ոչ արդար, և դրանց արդյունքները ոչ մեկին չեն զարմացնի»։

«Պուտինի իշխանությունը ավտորիտար է՝ հիմնված գրաքննության, բռնաճնշումների և բռնության վրա։ «Ընտրությունները» Ուկրաինայի օկուպացված տարածքներում չունեն իրավական ուժ և հանդիսանում են միջազգային իրավունքի հերթական խախտում»,- ասվում է հայտարարության մեջ։

Լեհաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները «լեգիտիմ չեն», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ Պուտինը հավաքել է ձայների 87 տոկոսը:

«Ռուսաստանում նախագահական ընտրությունները օրինական, ազատ և արդար չեն», - ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել «դաժան բռնաճնշումների պայմաններում», իսկ Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ խախտելով միջազգային իրավունքը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պուտինը ցանկանում է հավերժ իշխել, և որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ իմիտացիա են։

Իր տեսաուղերձում Զելենսկին ասել է, որ «ռուս բռնապետը հերթական ընտրությունների իմիտացիա է անում», և որ Պուտինը «հիվանդ է իշխանությամբ և անում է ամեն ինչ՝ հավերժ իշխելու համար»։

«Ընտրությունների այս իմիտացիայի մեջ լեգիտիմություն չկա և չի կարող լինել։ Այս մարդը պետք է ներկայանա Հաագայի դատարան։ Սա այն է, ինչին մենք պետք է հասնենք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։