Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի սկզբին կայցելի Փարիզ՝ հանդիպելու ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ։ Դա կլինի նրա Եվրոպա առաջին այցը համավարակից հետո։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով Փարիզի եւ Բրյուսելի աղբյուրներին։

Այցը կհամընկնի Փարիզի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին։ Չինաստանը ցանկանում է փորձել վերականգնել Եվրոպայի հետ փչացած հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործընկերության պատճառով։

Բայց Ֆրանսիայի տրամադրությունը այլ կլինի, տեղեկացրել է ուղեւորության պատրաստությանը ծանոթ աղբյուրը։

«Դա պակաս տոնական ու ավելի հավակնոտ այց է լինելու՝ նկատի ունենալով ներկա տնտեսական եւ աշխարհաքաղաքական պահերը»,- ասել է զրուցակիցը, որը չի ցանկացել նշել անունը։

«Մենք պահանջում ենք փոխադարձություն Չինաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես բնապահպանական ոլորտում»,- ասել է նա՝ նկատի ունենալով այն, թե որքանով պետք է Եվրոպան նվազեցնի ռիսկերը Չինաստանի հետ իր հարաբերություններում։

Չինաստանը բուռն է արձագանքել ԵՄ աննախադեպ որոշմանն անցած ամիս չինական ընկերությունները սեւ ցուցակ մտցնելու առնչությամբ՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով։  Նրա հզոր էլեկտրամեքենաշինությունը մոտ է առեւտրային պատերազմի մեջ մտնելուն եվրոպական կարգավորողների հետ, որոնք Չինաստանին մեղադրում են այդ հսկաներին սուբսիդավորելու մեջ։

Մյուս կողմից՝ Պեկինը ձգտում է, որպեսզի եվրոպական ներդրումները մնան չինական շուկայում, քանի որ տեղի տնտեսությունը հսկայական ճնշման է ենթարկվում անշարժ գույքի անկայուն շուկայի կողմից։

Ուղեւորությանն ուշադիր հետեւելու են Վաշինգտոնում եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւս մեկնելու է Չինաստան ապրիլին։