ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունն ատում է Իսրայելին։ Այս մասին Թրամփն ասել է ռադիոյի հաղորդավար Սեբաստիան Գորկիի հետ հարցազրույցում։

«Ցանկացած հրեա [ԱՄՆ-ում], որը քվեարկում է դեմոկրատների օգտին, ատում է իր կրոնը։ Նրանք ատում են այն ամենը, ինչ կապված է Իսրայելի հետ, եւ նրանք պետք է ամաչեն, որովհետեւ Իսրայելը կոչնչացվի»,- ավելացրել է նախկին նախագահը։

NBC հեռուստաընկերությունն ավելի վաղ, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարողանում համոզել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին փոխել Գազայի հատվածում մարտավարությունը եւ մասնավոր կարգով դժգոհություն է հայտնում կառավարության ղեկավարի գործողություններից՝ նրան անվանելով  իրավիճակի կարգավորման «գլխավոր խոչընդոտը»։ NBC-ի աղբյուրները նշում են, որ Բայդենն առայժմ պատրաստ չէ արմատապես փոխել ԱՄՆ ուղեգիծը հրեական պետության հանդեպ։ Նախագահն ու նրա օգնականները նախկինի պես ճիշտ են համարում Իսրայելին աջակցության շարունակումը։