Առաջ է եկել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման անհրաժեշտություն։ Այս մասին Ազգային ժողովում, «Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, մարտի 19-ին ասել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումն ուղղված է ամուր խաղաղության եւ կայունության ապահովմանը տարածաշրջանում։
Հայկական կողմը, ինչպես նշել է արտաքին գործերի փոխնախարարը, մեծ նշանակություն է տալիս ինչպես այս, այնպես էլ այլ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Եվրամիության հետ համագործակցության խորացմանը անվտանգության ոլորտում։
«ԵՄ-ն 2023-ից քաղաքացիական առաքելություններ է սկսել եվրոպական, աֆրիկյան եւ ասիական մի շարք երկրներում՝ գործի դնելով քաղաքացիական եւ ռազմական առաքելություններ 37 երկրներում։ Ներկայում գոյություն ունի 21 առաքելություն. 12 քաղաքացիական եւ 9 ռազմական։ Կարելի է նշել, որ քաղաքացիական առաքելությունն աջակցել է միջադեպերի նվազմանը։ ԵՄ համապատասխան ինստիտուտները, ինչպես նաեւ անդամ երկրներն ամենից շատ են տեղեկացված իրավիճակի մասին։ Միեւնույն ժամանակ, դիտորդների ներկայությունն ավելի դրական հոգեբանական մթնոլորտ է ստեղծում բնակչության համար»,- ընդգծել է Սաֆարյանը։
Հիմնական զեկուցողի խոսքով՝ քաղաքացիական առաքելության անխափան աշխատանքը կարեւոր է ոչ միայն Հայաստանի արեւելյան սահմաններում կայունության ապահովման, այլեւ Հայաստանի եւ ԵՄ քաղաքական հարաբերությունների մերձեցման գործընթացների արագացման տեսանկյունից։





























