ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Կոնգրեսի ղեկավարները երեքշաբթի հայտարարել են, որ հասել են համաձայնության ներկա ֆինանսական տարում վարչակազմի ֆինանսավորման վերաբերյալ։

«Մենք Կոնգրեսի ղեկավարների հետ համաձայնության ենք եկել հետագա գործողությունների վերաբերյալ ամբողջ տարվա ֆինանսավորման հարցում։ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատն այժմ աշխատում են այն փաթեթի պատրաստման վրա, որը կարող է արագ ներկայացվել ինձ, եւ ես այն անհապաղ կստորագրեմ»,- ասել է Բայդենը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ-ները, օրենսդիրներին ժամանակ է պետք, որպեսզի ավարտեն օրինագծի տեքստի պատրաստման աշխատանքը։ Ներկայացուցիչների պալատում գործում է այն կանոնը, որի համաձայն՝ կոնգրեսականներին քվեարկությունից առաջ տրվում է 72 ժամ օրինագծի դիտարկման համար, իսկ մի քանի կարեւոր հաստատությունների ժամանակավոր ֆինանսավորման ժամկետն ավարտվում է ուրբաթ կեսգիշերին։

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը լրագրողներին ասել է, որ համապատասխան կոմիտեներն այժմ աշխատում են օրինագծի տեքստի վրա, որը կդիտարկվի «որքան հնարավոր է արագ»։