Մարտի 20-ի գիշերը դրոնները գրոհել են Էնգելս քաղաքը Սարատովի մարզում։ Նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ անօդաչուները ոչնչացվել են ՀՕՊ համակարգով, որն «աշխատել է ճիշտ ժամանակին եւ արդյունավետ»։

 «Տուժածներ եւ ավերված ենթակառուցվածքներ չկան»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ Սարատովի մարզում ոչնչացվել են ինքնաթիռատիպ չորս անօդաչուներ։

Էնգելսի շրջանում է գտնվում ՌԴ Օդատիեզերական ուժերի «Էնգելս 2» ավիաբազան, որտեղ տեղակայված են Ուկրաինային հարվածող ռուսական ռազմավարական ռմբակոծիչները։ Ավիաբազան արդեն մի քանի անգամ հայտնվել է հարվածների տակ։ Հավանաբար որպեսզի նվազագույնի հասցվեն կորուստները, Էնգելսի ավիաբազայում ռմբակոծիչները պատել էին անվադողերով եւ ինքնաթիռներ նկարել ասֆալտին։