Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատը) համաձայնել է Սենատի (վերին պալատ) առաջարկած օրենքի տարբերակին առողջապահության հարցերի վերաբերյալ, որոնք նախատեսում են վեյփերի ներկրման եւ վաճառքի արգելք։
Օրենքը արգելում է վեյփերի ներկրումն ու վաճառքը, ինչպես նաեւ ոչ ծխախոտային արտադրանքի, ծխախոտի, ղայլանի տարբեր տեսակների ու դրանց համար նախատեսված հեղուկների գովազդը։ Քրեական պատասխանատվություն է մտցվում վեյփերի ներկրման եւ վաճառքի համար։ Արգելվում է ապրանքանիշի եւ անվանման տարրերի օգտագործման գովազդը՝ որպես չծխվող ծխախոտ եւ վեյփ, ինչպես նաեւ դրանց գովազդը տարբեր միջոցառումների անցկացման ժամանակ։
Բացի այդ, նախատեսվում է բուժաշխատողների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրում։ Դրա համար յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն պայմանագիր պետք է կնքի ապահովագրական ընկերության հետ։ Մտցվում է վեճերի նախադատական կարգավորման մեխանիզմ։ Բժշկական սխալի դեպքում, եթե պացիենտը դիմել է իր առողջությանը հասցված վնասի հարցով, նախատեսվում է անկախ փորձագիտական հանձնաժողովի ստեղծում։ Նրա եզրակացությունը հիմք կդառնա պացիենտին ապահովագրություն վճարելու համար։
Խորհրդարանի կողմից օրենսդրության փոփոխությունների ընդունումից հետո այն կներկայացվի Ղազախստանի նախագահին՝ ստորագրման համար։





























