Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան միջազգային ԶԼՄ-ների հարցազրույցում հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հնարավոր էր համարել Ուկրաինա զորքեր ուղարկելը, խոսել է ուկրաինացի զինվորներին արեւմտյան մասնագետների պատրաստելու մասին։ Կուլեբայի խոսքերը մեջբերել է La Stampa իտալական թերթը։
«Երբ Մակրոնը խոսեց Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին, եվրոպացի առաջնորդները խուճապի մատնվեցին։ Մակրոնն ընդամենը նկատի ուներ, որ կա ուկրաինացի զինվորներին սովորեցնելու հնարավորություն անմիջապես Ուկրաինայում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա տեղի է ունենում այժմ»,- ասել է Կուլեբան։
Նա ավելացրել է, որ Կիեւը երբեք չի խնդրել Արեւմուտքին զորքեր ուղարկել Ուկրաինա։ Ուկրաինական բանակին անհրաժեշտ են ՀՕՊ միջոցներ, զինամթերքներ, անօդաչուներ, հեռահար հթրիռներ, որպեսզի «ոչնչացնեն ռուսական լոգիստիկան եւ հրամանատարությունն օկուպացված տարածքներում», ինչպես նաեւ հարվածներ հասցնեն ռուսական տարածքին»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում փետրվարի վերջին Ուկրաինայի դաշնակիցների հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ չի բացառում զորքերի ուղարկումն Ուկրաինա, բայց եվրոպական երկրներում այս հարցում կոնսենսուս չկա։ Արեւմտյան երկրները, այդ թվում Գերմանիան եւ ԱՄՆ-ն, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն, ի պատասխան հայտնել են, որ չեն դիտարկում նման հնարավորությունը։
Կրեմլում հայտնել են, որ արեւմտյան զորքերի ուղարկումն Ուկրաինա կհանգեցնի ուղիղ հակամարտության ՆԱՏՕ-ի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է «հնարավոր ինտերվենտներին» «ողբերգական հետեւանքների» մասին։





























