Պուտինն ատում է Փաշինյանին եւ կցանկանար փոխել իշխանությունը Հայաստանում։ Այսպիսի ինքնատիպ հայտարարություն է արել «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ լեհ քաղաքագետ Վոյցեխ Գուրեցկին մարտի 20-ին։

Նրա կարծիքով՝ Պուտինը կօգտագործի ցանկացած հնարավորություն դա անելու համար։

«Ադրբեջանի կողմից Ղարաբաղի զավթման ժամանակ Ռուսաստանը մտածում էր, որ դա դժգոհության այնպիսի ալիք կստեղծի հայ հանրությունում, որը կհանգեցնի իշխանափոխության»,- ավելացրել է Վոյցեխ Գուրեցկին՝ ակնհայտորեն անտեսելով այն հանգամանքը, որ զավթումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, այսինքն՝ Հայաստանը դադարել է լինել անվտանգության երաշխավոր։

Նա համոզված է, որ իրավիճակի հետագա լարման դեպքում Մոսկվան «կանաչ լույս» կվառի Ադրբեջանի առջեւ Հայաստանի դեմ գործողություններում եւ չի միջամտի իրավիճակին։

«Անգործությունը նույնպես լուծում է, ինչպես եղել է նախկինում»,- ավելացրել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը 2020թ. Հայաստանին չցուցաբերեց այն աջակցությունը, որի հույսն ուներ Երեւանը։

Նա կարծում է, որ Հայաստան Ադրբեջանի ներխուժման ժամանակ եւս Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները։