ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Գերագույն դատարանին, որում պահանջել է հաստատել, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեղադրանքների հետ կապված բացարձակ անձեռնմխելիություն ունի։ Այս մասին հայտնում է UPI-ն։

«Դատարանը չպետք է ստեղծի այնպիսի կանոն, որը վերաբերում է միայն Թրամփին, դա կլինի օրենքի գերակայության հակադրությունը»,- գրել է նա:

Նախկին նախագահի փաստաբանները նշում են, որ անձեռնմխելիությունը պետք է բացարձակ լինի և տարածվի պետության ղեկավարի լիազորությունների շրջանակում կատարված գործողությունների վրա։ Նրանց կարծիքով՝ որոշումը, որ Թրամփը քրեական հետապնդումից անձեռնմխելիություն չունի, հակասում է երկրի սահմանադրությանը։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հաղթել են հերթական ներքին կուսակցական ընտրություններում, որոնք դեմոկրատներն ու հանրապետականներն անցկացրել են մի քանի նահանգներում մարտի 19-ին։ Փրայմերիզները կշարունակվեն մինչև հունիսի սկիզբը: Հուլիսին և օգոստոսին հանրապետականներն ու դեմոկրատները կանցկացնեն ազգային համագումարներ, որի ժամանակ կառաջադրեն ԱՄՆ նախագահի իրենց թեկնածուներին։