Հայաստանի 20-ամյա անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը եւ Հայաստանի հարաբերությունները ԵՄ կառույցների եւ ԵՄ երկրների հետ շարունակական զարգացում են ապրում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր` նոյեմբերի 10-ին, ելույթ ունենալով «Արեւելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական եւ Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովում:
Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման եւ Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համատեքստում կցանկանայի մեջբերել ՀՀ նախագահի հետեւյալ խոսքերը. «Եվրոպական չափանիշները՝... պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետեւ դրանք բարձր եւ ժամանակով ստուգված չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու եւ մեր հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունից»:
Արեւելյան գործընկերության մեկնարկից ավելի քան երկու տարի անց զգալի առաջընթաց ենք արձանագրել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ոլորտներում: Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր հանգրվան էր սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում կայացած երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրով նախատեսվում է նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը` քաղաքական ասոցացման, աստիճանական տնտեսական ինտեգրման, ընդլայնված ոլորտային շփումների եւ բազմակողմ համագործակցության ամրապնդման միջոցով:
Բարեփոխումներին օժանդակելու նպատակով 2009 թ.-ից Հայաստանում գործում է ԵՄ խորհրդատուների խումբը, որը աջակցություն է տրամադրում ՀՀ պետական կառույցներին` օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերում ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումներ իրականացնելու գործում:
Մենք ողջունել եւ մեծապես կարեւորում ենք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Ներկայումս Եվրահանձնաժողովի հետ աշխատանքներ ենք տանում` մեր կառավարության ջանքերը` ԵՄ գործընկերների նպատակաուղղված եւ թիրախային աջակցության հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ:
Զգալի առաջընթաց ենք արձանագրել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս են կազմելու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթները: Այդ դրույթների արդյունավետ կենսագործումը թույլ կտա ավելի մրցունակ դարձնել հայաստանյան տնտեսությունը:
Մեր համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացմանն ուղղված աշխատանքները: Խրախուսելով մարդկային շփումները ԵՄ անդամ երկրների հետ լավ նախադրյալներ կստեղծվեն խորացված գործընկերային հարաբերությունների հաստատման համար ամենատարբեր ոլորտներում` գործարարություն, ուսանողների, երիտասարդների միջեւ շփումներ, մշակույթ, գիտություն: Այս գործընթացի հիմնական շահառուները լինելու են մեր հասարակությունները, քաղաքացիները:
Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստանի եւ ԵՄ միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որի նպատակն է նպաստել միգրացիոն հոսքերի կառավարմանը, ԵՄ տարածքում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքի ու գործունեության կանոնակարգմանը, խթանել ուսանողական եւ մասնագիտական փոխանակումները: Այս գործընկերության մեկնարկը անուղղակիորեն կնպաստի նաեւ մուտքի վիզաների դյուրացման գործընթացի արագ վերջնականացմանը:
Արեւելյան գործընկերության շրջանակներում գործող հարթակները կոչված են ընդհանուր եվրոպական արժեքների տարածման միջոցով նպաստելու բաժանարար գծերի վերացմանը, փոխճանաչելիության աստիճանի բարձրացմանը, խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը»:




























