Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ձգձգվել երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքները:

Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջնային փողոցների փոսալցման աշխատանքները մեկնարկել են անցած շաբաթվանից. «Ընթացքը բավարար ենք գնահատում, բավական ակտիվ տեմպով է ընթանում մասնավորապես, Կենտրոն, Նոր Նորք եւ Արաբկիր վարչական շրջաններում: Այս շրջաններում աշխատանքները իրականացվում են գիշերվա ժամերին:

Բոլոր կապալառուների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է 24 ժամվա ընթացքում բոլոր քանդած փոսերը մեր կապալառուները կարողանան հասցնել ասֆալտապատել, որպեսզի հնարավորինս քիչ անհանգստություն պատճառենք մեր քաղաքացիներին»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը և հավելեց, որ որոշ վարչական շրջաններում աշխատանքները կկատարվեն ցերեկվա ժամերին, իսկ մի մասում աշխատանքները կմեկնարկեն այսօր:

Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ վարչկան շրջանների մեծ մասում երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքների մրցույթները կայացած չեն. «Ինչ փոփոխություն արվում է, պետք է արվի ընթացիկ տարվա պրոցեսներին չխանգարելու տրամաբանությամբ, բայց դա չի վերաբերում բետոնե սալիկներին,-ասաց նա: