Կառավարության հիմնազուրկ առաջարկին ի պատասխան ԳԱԱ ինստիտուտները պետք է հետազոտություն կատարեն և եզրակացություն ներկայացնեն։ Այսմասին ապրիլի 3-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը։

Նա նշել է, որ կառավարությունը բուհերի և գիտական ինստիտուտների միավորման համար միայն երկու հիմնավորում է բերում. մտնել 500 լավագույն բուհերի ցանկ և ավելացնել օտարերկրյա ուսանողների թիվը։

«Ստացվում է, որ հեղինակությունը գերակշռում է երկրի կարիքներին։ Էական փոփոխություններ չեն առաջարկվում։ Ո՞վ ասաց, որ ուզածդ բուհ կհայտնվի թոփ 500-ի ցանկում, եթե ավելի լավ շենքեր լինեն։ Ինչի՞ հաշվին այդ շենքերում պետք է հայտնվեն լավագույն կրթական համակարգեր, որոնք կընկնեն 500 լավագույն ցանկ։ Ոչ մի հայեցակարգ չեն առաջարկում։

Գիտության ոլորտում բարեփոխումները միայն իշխանությունների գործը չեն, պետք է լինի քաղաքական կոնսենսուս, լինի մեկ միասնական ծրագիր, որի հետ բոլորը համաձայն են։ Իսկ ի՞նչ կլինի, երբ կառավարությունը փոխվի: Ի՞նչ է լինելու այս գաղափարի հետ»,- նշել է Շագոյանը։

Գիտաշխատողը հավելել է, որ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպիսի տնտեսություն և անվտանգության համակարգ պիտի ունենա երկիրը և դրա հիման վրա առաջ քաշվեն գիտական խնդիրներ, ըստ այդմ էլ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի գիտությանը ծառայող կրթությունը:

«Մենք ճիշտ հակառակն ենք անում. գիտությունը դարձնում ենք կրթության կցորդ: Հասկանալի չէ՝ ինչ խնդիր է սա լուծելու, ի՞նչ հետազոտության հիման վրա է առաջարկվել այս գաղափարը: Գիտության և կրթության ոլորտում բարեփոխումների լրջագույն խնդիր կա: Բայց արդյո՞ք բարեփոխումների առաջարկն ինքնին գիտելիքահենք է: Ո՞վ է կանգնած այս նախագծի հետևում: Ո՞րն է իրական նպատակը: Ինչի՞ հիման վրա են որոշել, որ մեր երկրում գիտությունը լավ չի աշխատում»,- ասել է Շագոյանը։

Ըստ նրա՝  նախկինում կատարված ուսումնասիրության հիման վրա կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում գիտական առանձին ինստիտուտներ անթերի են աշխատում՝ հաշվի առնելով ստացված ֆինանսավորումը։