Այսօր գիտության ոլորտը հայտնվել է անորոշության առաջ։ Ի՞նչն էր ԳԱԱ-ին խանգարում իրականացնել նպատակային ծրագիր, որտեղ բոլոր մասնագետները միավորվեին և հակափաստարկներ առաջ քաշեին կառավարության ծրագրի դեմ: Այս կերպ հնարավոր կլիներ լուծել Ակադեմիայի ներքին խնդիրները, որից հետո արդեն կարելի էր մեղադրել ու հարցնել, թե ինչու դրսից հարցերը չլուծվեցին։ Դրա մասին ապրիլի 3-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները միավորելու՝ կառավարության ծրագրերը։

Սահակյանը ռիսկեր է տեսնում բոլոր հաստատությունները մեկ տեղում կենտրոնացնելու՝ կառավարության ծրագրերում, բացի դրանից, փոփոխությունները կվնասեն գիտնականների աշխատանքի ճկունությանը։

«Եթե փոփոխություններն անխուսափելի են, դրանք առնվազն պիտի կառավարելի լինեն։ Ես նման ռիսկի կառավարում չեմ տեսնում, քանի որ մենք քննարկում ենք անորոշության պայմաններում»,- ընդգծել է նա։ Լիլիթ Սահակյանը, ընդսմին, այսօրվա հանդիպումը ուշացած է համարում:

Գիտաշխատողը հավելել է, որ այսօրվա հանդիպումը չպետք է ավելի հեռացնի ակադեմիան ու այս ծրագիրն իրականացնողներին, այլ պիտի կառուցողական միջավայր ստեղծի։

«Եթե ինստիտուտների տնօրեններն ուժերը միավորեն, կկարողանան ավելի մեծ պահանջներ առաջ քաշել ԳԱԱ-ում արմատական փոփոխությունների հարցում, և կհասնեն նրան, որ գիտության կոմիտեն մեզ հետ հաշվի կնստի»,- եզրափակեց Սահակյանը։