Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղղակիորեն մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ԵՄ-ին Վրաստանի հետագա ինտեգրումը սաբոտաժի ենթարկելու մեջ, գրում է «Նովոստի Գրուզիան»։
«Երազանքը» սաբոտաժ է անում մեր ճանապարհն ու եվրոպական ապագան: Սաբոտաժը միակ բառն է, որը մտքովս անցել է», - ասել է Զուրաբիշվիլին արտակարգ ճեպազրույցի ժամանակ՝ կապված «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու իշխող կուսակցության երկրորդ փորձի հետ։
Ընդ որում, նա օգտագործել է «ռուսական օրենք» տերմինը. «Այո, ես օգտագործում եմ այն (տերմինը)՝ «ռուսական օրենքի» ներդրումը։ Մարտի 31-ին հաջորդող շաբաթը և մինչև ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության ազգային ոգով լցված օրեր են։ Բայց դուք այդ ոգին չունեք՝ ոչ ազգային, ոչ եվրոպական... Դուք չեք ուզում տեսնել կամ լսել, որ վրաց հասարակությունը միասնական է մեր անկախության ամրապնդման հարցում։ Ռուսաստանն այլևս երբեք այստեղ չի վերադառնա»,- ասել է նախագահը` դիմելով իշխող կուսակցությանը։
Նրա խոսքով, անցած տարվա դեկտեմբերին «Վրացական երազանքը» ակտիվորեն իրեն վերագրեց Վրաստանին ԵՄ-ին թեկնածուի կարգավիճակ շնորհելը։
«Այդ հռետորաբանությունը որոշ ժամանակ շարունակվեց, բայց այսօր ամեն ինչ պարզ է. «Վրացական երազանքը» շատ հստակ Եվրոպային հայտարարել է «ՈՉ» բոլոր ուղղություններով... Մենք մի տեսակ առաջխաղացում ստացանք Եվրոպայից, իսկ այսօր՝ «Վրացական երազանքը» սաբոտաժ է անում մեր ճանապարհն ու ապագան: Սաբոտաժը միակ բառն է, որ գալիս է մտքին»:
Ի հավելումն օտարերկրյա գործակալների մասին օրենքի՝ նախագահն ասել է, որ իշխող կուսակցությունը դեմ է դատական համակարգի բարեփոխմանը, հրաժարվում է հոկտեմբերին կայանալիք ընտրություններում արտերկրում միգրանտների համար լրացուցիչ կայքեր բացել և չի ցանկանում, որ ձայներ հնչեն խոշոր չափերի կոռուպցիոն փաստերի մասին։
«Ստացվում է, որ մենք կարիք չունենք իմանալու, թե ինչպես են հարստանում մեր դատավորները, դատարանների նախագահները կամ նախկին վարչապետները», - ասել է Զուրաբիշվիլին՝ նշելով, որ պաշտոնյաներն իրենց ողջ կարողությունը վերագրում են հարուստ ծնողների և այլ հարազատների օգնությանը։
Նախագահը ենթադրել է, որ «Վրացական երազանք»-ը փորձում է երկրում անկարգություններ և ապակայունացում հրահրել, որպեսզի իր հակառակորդներին անվանի «արմատականներ, գործակալներ և «պատերազմի կուսակցության» անդամներ։
Դրան, ըստ Զուրաբիշվիլիի, հնարավոր է հակադարձել միայն ընտրություններին ակտիվ մասնակցությամբ։
«Այս ամենի, Վրաստանի հանդեպ այս կոպտության և մեծ վիրավորանքի, որը կոչվում է ռուսական օրենք և ռուսական ուղղություն, պատասխանը մեկն է՝ արտահայտել սեփական եվրոպական տեսակետը ընտրությունների միջոցով արտահայտել։ Շուտով ընտրություններ են... Պետք է գնալ ընտրության. Սա պահանջում է մեծագույն մոբիլիզացիա, այլ ոչ թե հուսահատություն, դեպրեսիա, հոռետեսություն կամ մեծ անկարգություններ: Պետք է պատրաստ լինել ընտրությունների գնալ մեկ եվրոպական դրոշի ներքո, միգուցե մի քանի կուսակցություններով, բայց մեկ դրոշի ներքո եւ դա եվրոպական դրոշն է»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։





























