Հիմա մենք գտնվում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման փուլում, որը պետք է վերջնականացվի մինչև հունիս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին:

Նա տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում են ընդունել գերմանական GMP ընկերության ճարտարապետներին, որոնք գտնվելու են Հայաստանում, քննարկելու կատարված աշխատանքները։

«Պետք է տեղեկացնեմ, որ ուրբաթ օրը նախատեսում ենք նաեւ ծրագրի այս պահին արդեն պատրաստ և մշակված տարբերակի ներկայացում հանրային ավելի լայն շրջանակի, որը կիրականացնենք Մատենադարանի դահլիճում»,-ասաց նախարարը՝ տեղեկացնելով որ այնտեղ հրավիրված են բուհական գիտական հանրույթի ներկայացուցիչները և նրանք հնարավորություն  կունենան իրենց հարցերն ուղղել, թե՛ նախագծող ընկերութանը, թե՛  նախարարությանը, թե՛ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։

Հայաստանում Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները նախատեսվում է փուլային սկզբունքով մեկնարկել 2025 թվականից:

Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե արդյոք ներկայիս դպրոցականները հնարավորություն կունենան սովորելու Ակադեմիական քաղաքում՝ նախարարը վստահաբար դրական պատասխան տվեց:

«Պլանավորում ենք, որ այս տարի կսկսենք փուլային տարբերակով հիմնական կառույցների նախագծման աշխատանքները: Բուն կառուցման աշխատանքները ևս պլանավորվում է փուլային սկզբունքով մեկնարկել 2025 թվականից: Կարծում ենք, որ այդ տրամաբանության մեջ 2030 թվականին արդեն կունենանք այստեղ առաջին սովորողներին: Առաջին փուլում խոսքը արվեստների, տեխնոլոգիական, կրթական և սպայական համալսարանների ուսանողների մասին է»,-ասաց նախարարը:

Առաջիկայում նախատեսվում են շատ մանրամասն քննարկումներ, ներկայացումներ բոլոր բուհերում, դպրոցականների հետ:

Ակադեմիական քաղաքը պլանավորված է առաջին հերթին պետական բուհերի ներգրավվածության համար, խոսքը մինչև 8 պետական բուհերի մասին է: Սակայն, նախարարի խոսքով, տարածքը բավականին մեծ է, և հայեցակարգում պլանավորված է, որ այդտեղ կարող են տեղափոխվել նաև մինչև 8 մասնավոր և միջպետական բուհեր: Արդեն կա հետաքրքրվածություն տարբեր բուհերի կողմից: