ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները հավաստիացնում են, որ Իրանի պատասխան հարվածը Իսրայելի ռազմական եւ կառավարական օբյեկտներին անխուսափելի է, գրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց հավաստիացմամբ՝ դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, գերճշգրիտ հրթիռների կիրառմամբ։ ԱՄՆ ներկայացուցիչներն օգնում են Իսրայելին հետախուզական տեղեկությունների փոխանակմամբ։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում կատարելով իսրայելցի երկու պաշտոնյաների, տեղեկացրել էր, որ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Մայքլ Կուրիլան հինգշաբթի կայցելի Իսրայել՝ գործողությունների համակարգման նպատակով։

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել էր, որ պատրաստ է անել ամեն ինչ Իսրայելի պաշտպանության համար՝ Իրանի նախազգուշացումների համատեքստում, Դամասկոսում նրա դեսպանությանը հարվածելուց հետո։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է «շատ արագ» պատասխանել «վճռական գրոհներին», ցանկացած պետության հարձակման դեպքում։