Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) գործողության դադարեցման մասին օրինագծին։
«Մոլդովայի Հանրապետությունը դադարեցնում է 1990 թվականի նոյեմբերի 19-ին Փարիզում ստորագրված Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը՝ հետագայում դրա իրականացմանը վերադառնալու հնարավորությամբ»,- ասվում է փաստաթղթում։
Որոշումն ընդունվել է Մոլդովայի «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցության 53 պատգամավորների ձայներով։
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանքների էական փոփոխությունը։
Օրենսդիրների վերջնական հաստատումից հետո որոշումը պետք է հաստատի երկրի նախագահը:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողության դադարեցման մասին օրինագիծն ուժի մեջ կմտնի Միջազգային պայմանագրի ավանդապահի և պայմանագրի մասնակից պետությունների կողմից ծանուցումն ստանալուց 150 օր անց։





























