Իսրայելը բոլոր իրավունքներն ունի արձագանքելու Իրանի հարձակմանը, սակայն Մեծ Բրիտանիան կոչ է անում նրան քայլեր չձեռնարկել, որոնք կսրեն իրավիճակը Մերձավոր Արևելքում: Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։
«Մենք հուսով ենք, որ պատասխան գործողություն չի լինի, բայց դրա փոխարեն աշխարհի ուշադրությունը պետք է շեղվի Համասի վրա, նրանք դեռ պատանդներ են պահում»,- ասել է դիվանագետը:
Լրագրողը Քեմերոնին խնդրել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությունը, թե Իսրայելը պետք է «հաղթի»։
«Կարծում եմ, որ դա ճիշտ է... Կարծում եմ, որ հիմա ժամանակն է մտածելու ոչ միայն սրտով, այլև գլխով, լինել ռացիոնալ և կոշտ», - ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը:
Ապրիլի 14-ի գիշերը Իրանը հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։ Իսրայելի իշխանությունները Թեհրանից պատրաստվում էին լայնածավալ հարձակման։ Հինգ ժամ տևած հարձակման ընթացքում Իսլամական Հանրապետությունը Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 30 թեւավոր հրթիռ և 120 բալիստիկ հրթիռ, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
CNN-ի փոխանցմամբ՝ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հասկացրել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցելու Իրանի դեմ հարձակողական գործողություններին։ NBC-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ Իսրայելը կպատասխանի Իրանին՝ չմտածելով հնարավոր հետեւանքների մասին։





























