Վերջին շաբաթներին Ռուսաստանի զորքերը սկսել են նոր մարտավարություն կիրառել ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու համար, հաղորդում է CNN-ը։ Եթե ​​նախկինում գրոհները ցրված էին, ապա այժմ դրանք դարձել են ավելի ճշգրիտ ու կենտրոնացված։

«Նրանց մարտավարությունը փոխվել է, ցավոք, ոչ դեպի լավը մեզ համար»,- ասել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Սվետլանա Գրինչուկը։ Ըստ նրա, Ռուսաստանի զանգվածային հարձակումների արդյունքում «վերակառուցման և վերանորոգման մեր մեկ տարվա գրեթե բոլոր ջանքերը կործանվեցին մի քանի օրվա ընթացքում»:

Ռուսաստանը սկսել է նոր մարտավարություն կիրառել մարտի 22-ին՝ Ուկրաինայի վրա իր ամենազանգվածային հարձակումներից մեկի ժամանակ, ասել է Կիևում գործող Էներգետիկ արդյունաբերության հետազոտական ​​կենտրոնի (EIRC) տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն: «Նոր ռազմավարությունն իրենից ներկայացնում է զանգվածային հրթիռային հարվածներ կոնկրետ թիրախների դեմ՝ մեծ թվով հրթիռներով և անօդաչու սարքերով, որոնք միաժամանակ ուղղված են շատ սահմանափակ թվով թիրախների վրա»,- ասել է նա:

Ուկրաինայի խոշորագույն գեներացնող  DTEK ընկերությունից ասում են, որ Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինայի էլեկտրահաղորդման համակարգերի վրա  հարձակումներից և մարտի վերջից զանգվածային հարձակումներ է իրականացնում էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ «Ցավոք, հակառակորդը կատարելագործել է իր մարտավարությունը և կիրառում է ճշգրիտ զինատեսակներ։ Արդյունքում, դրա կործանարար արդյունավետությունը զգալիորեն աճել է 2023 թվականի համեմատ»,- ասել է DTEK-ի գործադիր տնօրեն Մաքսիմ Տիմչենկոն։

CNN-ը հիշեցնում է, որ Ռուսաստանն առաջ ձմռաննախաշեմին հարձակվում էր էներգետիկ օբյեկտների վրա, սակայն այժմ հարձակումներ է սկսել գարնանը։ Հեռուստաալիքը երկու հնարավոր պատճառ է բերում, թե ինչու էր Ռուսաստանի Դաշնությունը սպասել գարնանը. նախ՝ ժամանակ էր պետք զենքերի քանակն ավելացնելու և անհրաժեշտ հետախուզական տվյալներ ձեռք բերելու համար, և երկրորդ՝ Ռուսաստանը կարող էր սպասել, մինչև ուկրաինական էլեկտրակայաններն ավելի քիչ պաշտպանված լինեն հակաօդային պաշտպանության համակարգերով։