Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան բրիտանական Financial Times թերթի համար հոդվածում հայտնել է, որ իր երկիրն արդեն գնել է 180 հազար հրետանային արկ ուկրաինական բանակի համար և փորձում է ապահովել ևս 300 հազարի մատակարարումը, հաղորդում է BBC-ն։

Ըստ Ֆիալայի, համաշխարհային շուկաներում Ուկրաինայի համար հրետանային արկեր փնտրող արևմտյան կառավարությունների գործողությունների սխեման պետք է օրինակ դառնա, թե ինչպես դաշնակիցներն  ապագայում պետք է օգնեն Ուկրաինայի զինված ուժերին:

«Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ է։ Պատերազմի    երրորդ տարվա սկզբում երկրի զինված ուժերը գտնվում են անհավանական ճնշման տակ: Նրանց զինամթերքը սպառվում է՝ ստիպելով նրանց ամեն օր բարդ որոշումներ կայացնել: Այդ պատճառով նրանց համար շատ դժվար է պաշտպանական գծերը պահելը, հենց նրանք, որոնք կորոշեն ողջ Եվրոպայի անվտանգությունն ու ապագան»,- ասել է Պետր Ֆիալան:

Ինչպես ասել է Չեխիայի վարչապետը, արևմտյան երկրների պաշտպանական արդյունաբերությունը չի կարողացել բավարարել ուկրաինական բանակի կարիքները և ժամանակին արտադրել անհրաժեշտ քանակությամբ արկեր։

Բայց Պրահան, ըստ նրա, սկսեց զինամթերքի պաշարներ փնտրել տարբեր երկրներում, և համաշխարհային շուկայում դրանց թիվը բավականաչափ է:

Հոդվածում ասվում է, որ Չեխիայի և նրա գործընկերների՝ Դանիայի և Նիդեռլանդների կողմից գնված արկերը պետք է մոտակա մի քանի ամիսների ընթացքում հասնեն Ուկրաինայի ռազմաճակատ։

Ֆիալան երկուշաբթի օրը այցելել է Վաշինգտոն, որտեղ արդեն հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Ավելի վաղ Չեխիայի իշխանությունները հայտարարել էին, որ կարողացել են գտնել 800 հազար հրետանային արկ և ֆինանսավորում ապահովել առաջին խմբաքանակի գնման համար՝ 300 հազարի չափով։ Ըստ Wall Street Journal-ի՝ խոսքը 300 հազար խորհրդային արտադրության և մոտ 500 հազար արևմտյան արտադրության արկերի մասին է։

Reuters-ը, վկայակոչելով չեխ պաշտոնյաներին, որոնց անունը չի նշվում, հայտնել է, որ արկերի առաջին մատակարարումները սպասվում են հունիսից ոչ ուշ։